Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը` հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում:
Քննարկվել է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաեւ ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի եւ թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսավարողները պատվիրում են դրանց փորձաքննություն` նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե` ոչ:
«Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի` մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով: Դա ենթադրում է ֆինանսական եւ վարչարարական ծախսեր: Մեկ օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար 48,000 եւ 60,000 դրամ»,- մանրամասնել է նախարարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում եւ արտահանվում են նույն տեսակի ապրանքներ` ՀՀ ՊԵԿ-ն արդեն հրապարակում է ապրանքների ցանկը, որոնք, ըստ հիմնական զեկուցողի, չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ: «Նշված ցանկի հրապարակումն էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձեւակերպումների հետ կապված վարչական եւ ֆինանսական բեռի կրճատմանը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում եւ ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է ՊԵԿ-ը թարմացնում ցանկը եւ ինչ իրավական հետեւանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Առաջարկվող լրացումների նպատակն է արդեն փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման եւ դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական եւ վարչարարական ծախսերը:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: