Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ծավալուն փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ներքին մրցույթների պարագայում առաջարկվել է հանել թեստավորման փուլը: Առաջարկվել է նաեւ պետական այլ ծառայությունների ռեզերվում ընդգրկված հանրային ծառայողներին ներքին մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել:
Աշխատողի առավելագույն տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված կամ լիազորությունների դադարեցման հետ կապված իրավական ակտի առկայության պարագայում՝ նախագծով հնարավորություն կընձեռվի հայտարարել մրցույթ մինչեւ պաշտոնի թափուր լինելը, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, եւս օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված քայլ է: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջարկվում է թեստավորումն անցկացնել հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ՝ քան երեք ամսվա ընթացքում:
Քաղծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք է առաջարկվում համարել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունը եւ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցությունը:
Նախագծով առաջարկվել է գործող օրենքում կարիերահեն քաղծառայության կառավարման մոդելի բաղադրիչ ներմուծել, ըստ որի՝ կատարողականի դրական գնահատման պարագայում պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձը հնարավորություն ունենա առանց մրցույթի նշանակելու ավելի բարձր պաշտոնի: Գործող կարգավորմամբ չորս կիսամյակ շարունակ՝ երկու տարի անընդմեջ, բացասական կատարողականի գնահատական ունենալու պարագայում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է ազատել անձին աշխատանքից: Կառավարությունն առաջարկում է կատարողականի մեկ կիսամյակի բացասական գնահատականի պարագայում հնարավորություն ընձեռել աշխատողին ազատել աշխատանքից:
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար՝ իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Կարգավորման մեջ կնախատեսվեն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման հետ կապված առանձնահատկություններ:
Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգում քաղծառայողը կարող է վերապատրաստվել նաեւ ոչ միայն կատարողականով պայմանավորված կրեդիտներով, այլ՝ իր գործառույթներից բխող եւ պետական կառավարման համակարգի մարմնի առջեւ դրված խնդիրներով: Հստակեցումներ են սահմանվել կարգապահական տույժերին վերաբերող կարգավորումներում եւ բարեվարքության կազմակերպչի գործառույթներում:
Վաչե Քալաշյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ մրցութային կարգի, դրանց իրազեկման, առանց մրցույթի առաջխաղացման հնարավորության ռիսկերի վերաբերյալ:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները միտված են լավարկելու համակարգի գործունեությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: