Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով:
Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների:
Խնդրի լուծման նպատակով Կառավարությունն առաջարկում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը նոյեմբերի 11-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորման նպատակը, նշել է, որ առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ղեկավարների ու տեղակալների կարգապահական վարույթներն իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Պատգամավորը լիահույս է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի այդ կարողությունները ու կկարողանա իրականացնել արդար քննություն: Հարակից զեկուցողն առաջարկել է հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին, սակայն մեկ դիտարկմամբ, որպեսզի դատախազինն ու նրա տեղակալներինը եւս ներառվի փաթեթում՝ մեկ միասնական մոտեցումը պահելու նպատակով:
Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել օրենսդրական փաթեթը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել նաեւ Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծին: