ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:
Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների եւ պատկան մարմինների մասնակցությամբ: Ընտրական օրենսգրքի լավարկմանն ուղղված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել նաեւ արտագնա քննարկում:
Կարեւորելով հանրային լսումների ձեւաչափը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Նա համոզմունք է հայտնել, որ կլինեն առարկայական առաջարկություններ, որոնք կբարելավեն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: «Ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական համակարգի շարունակական բարելավումը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ օրենսդրությունը բարեփոխելու նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2018 թվականից: Նրա խոսքով հետագայում էլ շարունակվել է ընտրական օրենսդրության բարելավման քաղաքականությունը:
Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ 2021-2022 թթ. համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում ծագել են բազմաթիվ խնդիրներ: Դրանք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:
Ըստ հիմնական զեկուցողի` քննարկվող օրենսդրական փաթեթում փորձ է արվել անդրադառնալ արձանագրված խնդիրներին: Նշվել է, որ տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռեւս մատչելի չէ հաշմանդամության կամ տեղաշարժման, հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Նա շեշտել է, որ ընտրական օրենսդրությամբ կսահմանվեն բավարար իրավական երաշխիքներ: Նշվել է, որ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակմանն ու անցկացմանն առնչվող դրույթներում եւս կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի մշակման ժամանակ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները: Հիմնական զեկուցողը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորութունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը:
Արմենուհի Հարությունյանը պատասխանել է մասնակիցների հարցերին` ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակման ու անցկացման, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ ու առաջարկներ են ներկայացրել լսումների մասնակիցները: Նրանք կարեւորել են ընտրական գործընթացում իրականացվող բարեփոխումները, խոսել Ընտրական օրենսգրքում որոշ դրույթներ փոփոխելու անհրաժեշտությունից: Որոշ կարգավորումներ համարվել են խնդրահարույց եւ անընդունելի: Ընտրական գործընթացներում կարեւորվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարությունը:
Ելույթներում անդրադարձ է եղել կուսակցությունների քաղաքական ֆինանսավորման թեմային: Բարձրացվել են տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի հրապարակայնությանը եւ նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականության ստուգմանը վերաբերող հարցեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված բազմաթիվ ծավալուն կարգավորումներ ամբողջական չեն եւ կարիք ունեն լրացուցիչ քննարկման:
Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով հնչած որոշ առաջարկներ կտեղայնացվեն փաթեթում: «Ընտրական փաթեթն ունի միայն մեկ նպատակ` ապահովել քաղաքացիների` ընտրական իրավունքն ազատ արտահայտելու հնարավորությունը, եւ այդ նպատակին մենք անշեղորեն գնալու ենք»,- ընդգծել է զեկուցողը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ամփոփելով լսումները, նշել է. «Ընտրական օրենսգիրքը քաղաքական դաշտում պայքարի համար նախատեսված ընդհանուր խաղի կանոններն են, որոնք պետք է ընդունելի եւ հասկանալի լինեն բոլորի համար եւ հեշտ ու հստակ` իրականացման տեսանկյունից»: Պատգամավորն անդրադարձել է մասնակիցների ելույթներում հնչած դիտարկումներին: Վլադիմիր Վարդանյանի խոսքով բոլոր կուսակցությունները պետք է ունենան ֆինանսավորման նույն հնարավորությունները: Զեկուցողը, կարեւորելով հնչած առաջարկներն ու քննադատությունները, հավելել է. «Այն, որ այս քննարկումը տեղի է ունենում անկախ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում, արդեն ժողովրդավարության հաղթանակ է: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժողովրդավարական արժեքներն ու պետականությունը դառնան այն հարատեւ արժեքները, որոնցով մենք պետք է շարժվենք առաջ»:
Պատգամավորը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակելու նպատակով կշարունակվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային քննարկումները` հաշվի առնելով ներկայացված առաջարկները: