2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակում 32 միջոցառում է նախատեսվում` ընդհանուր 36,5 մլրդ դրամ բյուջեով:
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են բյուջետային քննարկումները եւ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
2025 թվականի պետական բյուջեով տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր: Դրանք են` «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ»՝ 2,6 մլրդ դրամ, «Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում»՝ 3 միջոցառմամբ 627 մլն դրամ, «Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն»՝ 6 միջոցառմամբ 22,1 մլրդ դրամ, «Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր»՝ 14 միջոցառմամբ 4,73 մլրդ դրամ, «Զբոսաշրջության զարգացման ծրագիր»՝ 5 միջոցառման շրջանակում 6,5 մլրդ դրամ:
Նախարարը տեղեկացրել է, որ ամենամեծը Համաշխարհային բանկի հետ վարկավորման միջոցով զբոսաշրջության կլաստերների ստեղծմանը վերաբերող ծրագիրն է:
«Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի շրջանակում միջոցները նախարարության պահպանման, նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ու օտարերկրյա պետություններում ՀՀ 5 առեւտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերն են ներառում:
«Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արտադրանքի եւ ծառայությունների որակի համապատասխանության գծով 30 ազգային ստանդարտ է մշակվելու՝ 13,6 մլն դրամով: 114 մլն դրամ ծախսվելու է ՀՀ հավատարմագրման համակարգի աջակցությանը վերաբերող միջոցառմանը: 500 մլն դրամ որակի ենթակառուցվածքի արդիականացման միջոցառմանն է տրամադրվելու, սա միտված է լաբորատոր կարողությունների զարգացմանը:
«Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն» ծրագրի շրջանակում 22,1 մլրդ դրամից 19,4 մլրդը տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցությանն է ուղղվելու: «Սա մեր ամենախոշոր եւ աշխատող ծրագրերից է»,- նշել է Գեւորգ Պապոյանը:
2022 թվականի մարտից մինչեւ 2024 թվականի սեպտեմբերը նպատակային ծրագրի շրջանակում 5641 պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր 308 մլրդ դրամ պորտֆելով: «2022 թվականին, երբ նպատակային ծրագիրը նոր էր ձեւավորվում, պորտֆելն ընդամենը 60 մլրդ դրամ էր կազմում, 2023 թվականին՝ 148 մլրդ դրամ, եւ 2024 թվականի առաջին 9 ամիսներին այն արդեն 100 մլրդ դրամ է: 2023 թվականի ցուցանիշը 2024 թվականին, միանշանակ, կգերազանցենք»,- արձանագրել է ոլորտի պատասխանատուն ու հավելել, որ ծրագրի գերակշիռ մասը՝ 82 տոկոսը, ուղղվել է ՓՄՁ-ների աջակցությանը՝ ընդգծելով ոլորտի կարեւորությունը տնտեսության կայուն զարգացման գործում:
«Ոլորտային բաշխվածությունը հետեւյալն է՝ 43 տոկոս մշակող արդյունաբերություն, 23 տոկոս շինարարություն, 12 տոկոս էներգամատակարարում, 8 տոկոս փոխադրման եւ պահեստավորման ոլորտներ: Սա ուզում եմ ընդգծել հատուկ այն առումով, թե պետությունը որքան կարեւորություն է տալիս տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին եւ արդյունաբերության ոլորտին»,- արձանագրել է Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով այս բաշխումը կարեւոր դեր է խաղում տնտեսական բազմազանության եւ կայունության ամրապնդման գործում՝ խթանելով ներդրումները եւ զարգացումը տարբեր ոլորտներում:
2025 թվականին նախատեսվում է տրամադրել 19,3 մլրդ դրամ, որի շրջանակում կսուբսիդավորվի 1800 շահառուների, 4800 վարկերի եւ լիզինգի 6-10 տոկոսները: 1,6 մլրդ դրամ բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագրին է ուղղվելու, որի շրջանակում փոխհատուցվելու է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող 550 մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը: 740 մլն դրամ կուղղվի «ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրի համակարգում եւ կառավարում» միջոցառմանը: Իրականացվելու են միասնական շուկայի ծրագիրը, 400 շահառուի համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացները, հովանոցային մեխանիզմով երաշխավորությունների տրամադրում կլինի, պետություն-մասնավոր երկխոսության շրջանակում կկազմակերպվի համաժողով:
Ներդրումների արտահանման եւ խթանման ծրագրի շրջանակում 1,7 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել ներդրումների խթանմանը, 577 մլն դրամը՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմաբավարությամբ նախատեսված միջոցառումներին:
396 մլն դրամ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության տրամադրմանը կուղղվի, 288 մլն դրամ էլ՝ պետական աջակցություն ՀՀ-ում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը եւ հետներդրումային սպասարկմանը վերաբերող միջոցառմանը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, ներկայացրել պարզաբանումներ: Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջության ռազմավարությունը դեռ չի հաստատվել, այն ակտիվ քննարկումների փուլում է: Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է 100 մլն դրամ վարկային միջոցներ ուղղել ՀՀ մարզերում 10 զբոսաշրջային կլաստերների, համալիրների ստեղծմանը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են, մասնավորապես, արտահանման եւ ներմուծման տեմպերին, տնտեսության տարբեր ճյուղերում առկա խնդիրներին, ոլորտում առկա վերահսկողությանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը միտված քայլերին եւ ոլորտային այլ խնդիրների:
«Անպայման ուզում եմ նշել այս մասին: Նշեցի, որ արտադրողականության խթանման ծրագրով արդեն մեր պորտֆելը 308 մլրդ դրամ է, եւս մոտ 70 մլրդի պորտֆել ունենք գյուղբլոկում: 1 մլրդ դոլարի նոր մեքենասարքավորումներ են Հայաստան ներմուծվել վերջին երեք տարիներին, որոնք նույնպես էականորեն բարձրացրել են մեր ապրանքների մրցունակությունը: Օրինակ՝ սպիրտը նախկինում պահվում էր խորհրդային արտադրության տարաների մեջ, իսկ հիմա պահվում է հատուկ տարաների մեջ, որոնք հատուկ ջերմային ռեժիմներ ունեն, այսինքն՝ այդ ապրանքի որակն էլ է պատշաճ մակարդակով պահպանվում: Այդ ապրանքները ձեռք են բերվել 0 տոկոս տոկոսադրույքով, լիզինգով մեր տնտեսավարողների կողմից, իսկ տոկոսադրույքը ՀՀ կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ֆինանսավորել է»,- պարզաբանել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով սպառողական շուկայում վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերին: