National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
1 / 6

2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակում 32 միջոցառում է նախատեսվում` ընդհանուր 36,5 մլրդ դրամ բյուջեով:

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են բյուջետային քննարկումները եւ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

2025 թվականի պետական բյուջեով տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր: Դրանք են` «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ»՝  2,6 մլրդ դրամ, «Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում»՝  3 միջոցառմամբ 627 մլն դրամ, «Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն»՝  6 միջոցառմամբ 22,1 մլրդ դրամ, «Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր»՝ 14 միջոցառմամբ 4,73 մլրդ դրամ, «Զբոսաշրջության զարգացման ծրագիր»՝ 5 միջոցառման շրջանակում 6,5 մլրդ դրամ:

Նախարարը տեղեկացրել է, որ ամենամեծը Համաշխարհային բանկի հետ վարկավորման միջոցով զբոսաշրջության կլաստերների ստեղծմանը վերաբերող ծրագիրն է:

«Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի շրջանակում միջոցները նախարարության պահպանման, նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ու օտարերկրյա պետություններում ՀՀ 5 առեւտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերն են ներառում:

«Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արտադրանքի եւ ծառայությունների որակի համապատասխանության գծով 30 ազգային ստանդարտ է մշակվելու՝ 13,6 մլն դրամով: 114 մլն դրամ ծախսվելու է ՀՀ հավատարմագրման համակարգի աջակցությանը վերաբերող  միջոցառմանը: 500 մլն դրամ որակի ենթակառուցվածքի արդիականացման միջոցառմանն է տրամադրվելու, սա միտված է լաբորատոր կարողությունների զարգացմանը:

«Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն» ծրագրի շրջանակում 22,1 մլրդ դրամից 19,4 մլրդը տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցությանն է ուղղվելու: «Սա մեր ամենախոշոր եւ աշխատող ծրագրերից է»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

2022 թվականի մարտից մինչեւ 2024 թվականի սեպտեմբերը նպատակային ծրագրի շրջանակում 5641 պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր 308 մլրդ դրամ պորտֆելով: «2022 թվականին, երբ նպատակային ծրագիրը նոր էր ձեւավորվում, պորտֆելն ընդամենը 60 մլրդ դրամ էր կազմում, 2023 թվականին՝ 148 մլրդ դրամ, եւ 2024 թվականի առաջին 9 ամիսներին այն արդեն 100 մլրդ դրամ է: 2023 թվականի ցուցանիշը 2024 թվականին, միանշանակ, կգերազանցենք»,- արձանագրել է ոլորտի պատասխանատուն ու հավելել, որ ծրագրի գերակշիռ մասը՝ 82 տոկոսը, ուղղվել է ՓՄՁ-ների աջակցությանը՝ ընդգծելով ոլորտի կարեւորությունը տնտեսության կայուն զարգացման գործում:

«Ոլորտային բաշխվածությունը հետեւյալն է՝ 43 տոկոս մշակող արդյունաբերություն, 23 տոկոս շինարարություն, 12 տոկոս էներգամատակարարում, 8 տոկոս փոխադրման եւ պահեստավորման ոլորտներ: Սա ուզում եմ ընդգծել հատուկ այն առումով, թե պետությունը որքան կարեւորություն է տալիս տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին եւ արդյունաբերության ոլորտին»,- արձանագրել է Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով այս բաշխումը կարեւոր դեր է խաղում տնտեսական բազմազանության եւ կայունության ամրապնդման գործում՝ խթանելով ներդրումները եւ զարգացումը տարբեր ոլորտներում:

2025 թվականին նախատեսվում է տրամադրել 19,3 մլրդ դրամ, որի շրջանակում կսուբսիդավորվի 1800 շահառուների, 4800 վարկերի եւ լիզինգի 6-10 տոկոսները: 1,6 մլրդ դրամ բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագրին է ուղղվելու, որի շրջանակում փոխհատուցվելու է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող 550 մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը: 740 մլն  դրամ կուղղվի «ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրի համակարգում եւ կառավարում» միջոցառմանը: Իրականացվելու են միասնական շուկայի ծրագիրը, 400 շահառուի համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացները, հովանոցային մեխանիզմով երաշխավորությունների տրամադրում կլինի, պետություն-մասնավոր երկխոսության շրջանակում կկազմակերպվի համաժողով:

Ներդրումների արտահանման եւ խթանման ծրագրի շրջանակում 1,7 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել ներդրումների խթանմանը, 577 մլն դրամը՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմաբավարությամբ նախատեսված միջոցառումներին:

396 մլն դրամ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության տրամադրմանը կուղղվի, 288 մլն դրամ էլ՝ պետական աջակցություն ՀՀ-ում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը եւ հետներդրումային սպասարկմանը վերաբերող միջոցառմանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, ներկայացրել պարզաբանումներ: Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջության ռազմավարությունը դեռ չի հաստատվել, այն ակտիվ քննարկումների փուլում է: Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է 100 մլն դրամ վարկային միջոցներ ուղղել ՀՀ մարզերում 10 զբոսաշրջային կլաստերների, համալիրների ստեղծմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են, մասնավորապես, արտահանման եւ ներմուծման տեմպերին, տնտեսության տարբեր ճյուղերում առկա խնդիրներին, ոլորտում առկա վերահսկողությանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը միտված քայլերին եւ ոլորտային այլ խնդիրների:

«Անպայման ուզում եմ նշել այս մասին: Նշեցի, որ արտադրողականության խթանման ծրագրով արդեն մեր պորտֆելը 308 մլրդ դրամ է, եւս մոտ 70 մլրդի պորտֆել ունենք գյուղբլոկում: 1 մլրդ դոլարի նոր մեքենասարքավորումներ են Հայաստան ներմուծվել վերջին երեք տարիներին, որոնք նույնպես էականորեն բարձրացրել են մեր ապրանքների մրցունակությունը: Օրինակ՝ սպիրտը նախկինում պահվում էր խորհրդային արտադրության տարաների մեջ, իսկ հիմա պահվում է հատուկ տարաների մեջ, որոնք հատուկ ջերմային ռեժիմներ ունեն, այսինքն՝ այդ ապրանքի որակն էլ է պատշաճ մակարդակով պահպանվում: Այդ ապրանքները ձեռք են բերվել 0 տոկոս տոկոսադրույքով, լիզինգով մեր տնտեսավարողների կողմից, իսկ տոկոսադրույքը ՀՀ կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ֆինանսավորել է»,- պարզաբանել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով սպառողական շուկայում վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am