Հարկային եւ մաքսային վարչարարության նպատակների իրագործումը պարզ բանաձեւ է. ապահովել որակյալ ծառայություններ հարկ վճարողների համար եւ կրճատել ստվերը: Ուրախ եմ արձանագրել, որ թե' Ֆինանսների նախարարության եւ թե' ՊԵԿ-ի գնահատականներով ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները:
«Մեր բոլոր բարելավումները տեղի են ունենում տնտեսության գործոնների դրական ազդեցությամբ եւ վարչարարության բարելավման արդյունքում: Հատկանշական է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2020 թվականի 22,6 տոկոսից 2025 թվականի արդյունքներով կկազմի 25 տոկոս: Այսինքն` Կառավարության կողմից սահմանված թիրախին կհասնենք»,- մանրամասնել է կոմիտեի նախագահը:
ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2025 թվականի բյուջեի նախագծով կրճատվելու են: Ընթացիկ ծախսերը կազմելու են 26,2 մլրդ դրամ` 2024 թվականի համեմատ նվազելով 11,4 տոկոսով:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 մլրդ դրամ:
Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները` կոմիտեի նախագահը նշել է, որ մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումները շարունակական են լինելու` առավել հարմարավետ համակարգեր ստեղծելու նպատակադրմամբ:
Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ առեւտրի դյուրացմանը նպաստելուն ուղղված քայլերի, մաքսազերծման գործընթացում ինքնաշխատ, ինչպես նաեւ հատուկ հարկման համակարգերի ներդրման վերաբերյալ:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ-ում առկա են հարկային «տեռորի» դրսեւորումներ` ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Հայաստանում հարկային «տեռոր» չկա: Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար: Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»: