National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները
1 / 16

Առողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

2025 թվականի բյուջեի նախագծում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար միջոցներ չեն նախատեսվել: Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով Ֆինանսների նախարարության դիրքորոշումը, նշել է, որ  Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ տարաձայնություններ չունեն:

«Միջնաժամկետ ծախսերի շրջանակում 2025 թվականին մենք արդեն նախատեսել էինք ապահովագրության առաջին փուլի մեկնարկը: Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը դուրս է եկել»,- պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2024 թվականի ընթացքում առողջության ապահովագրությանը վերաբերող օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները շարունակվել են: Խորհրդարանն արդեն ստացել է օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ առաջիկայում տեղի կունենան մի շարք քննարկումներ:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին` նախարարը տեղեկացրել է, որ կատարվել է փոփոխություն «Իմունականխարգելման ազգային ծրագրում». այս տարի իրականացվել է ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթաց: Մեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, ըստ որի` առաջնահերթությունը կտրվի նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկներին:

Ըստ Անահիտ Ավանեսյանի` վեց ամիսների ամփոփված տվյալներով արձանագրվել է մանկական մահացության դեպքերի, չարորակ նորագոյացությունների եւ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման նվազում: Նախարարությունը շարունակում է սքրինինգային ծրագրերի, առողջ ապրելակերպի քաղաքականության  իրականացման ընդլայնումը:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բյուջեի նախագծում տեղ գտած ֆինանսական հատկացումների, նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերում սպորտի պարտադիր ներդրման, մոր եւ մանկան առողջության ուղղությամբ 2025 թվականին իրականացվելիք ծրագրերի, հոգեկան առողջության բուժօգնության որակի ապահովման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ նախագծում տեղ գտած հիմնավորումները, ուղղությունները, ծախսային հոդվածները համապատասխանում են մեր երկրի առողջապահական առաջնահերթություններին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am