National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
31.10.2024
Զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում
1 / 6

ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Առաջարկը քննարկվել է հոկտեմբերի 31-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Ըստ այդմ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջարկվում է պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով գործող օրենքի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի, ինչպես նաեւ՝ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, Քննչական կոմիտեի ծառայողի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում:

Ուստի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող  որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենսդրական փաթեթը միայն դրական փոփոխություն է պարունակում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է՝ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոններում համալրման գործընթացին:

Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են, թե երբ կլինի արդեն վերոնշյալ զորամասերի ցանկը եւ զինվորականներն ինչպես կկարողանան ծանոթանալ դրա հետ:

Նախարարի խոսքով զորամասերի ցանկը հրապարակային չի լինի, սակայն ցանկություն ունեցող զինվորականների հետ կապ կհաստատեն նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները եւ կտեղեկացնեն:

Օրեսդրական փաթեթի վերաբերյալ դրական դիրքորոշումներ են հայտնել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Օրենսդրական փաթեթն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հարցը խորհրդարանը քննարկել եւ ընդունել է նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am