National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
31.10.2024
ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքները. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2025 թ. պետբյուջեի քննարկումը
1 / 19

2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2  տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով   «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ընթացիկ ծախսերի գծով կունենանք 2,3 տոկոսով աճ, կապիտալ ծախսերի գծով կունենանք նվազում 15 մլն դրամով»,- հստակեցրել է նախարարը: Նա հավելել է, որ այս գումարներում ներառված չեն այն դրամական միջոցները, որոնք այս տարի տրամադրվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար շենք գնելու նպատակով: Գնումը կատարվել է պահուստային միջոցներով:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջորդիվ անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին, ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Նա խոսել է տարածաշրջանային երկրների, մասնավորապես` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ:  «2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք` առաջին հերթին` միջպետական սահմանի սահմանազատման դեպքով, կամ ուղղությամբ, կամ համատեքստում: Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու հանձնաժողովների ղեկավարների` փոխվարչապետների միջեւ, եւ ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է արդեն ՀՀ-ում` Ազգային ժողովի կողմից, իրենց` ադրբեջանական  կողմից էլ իրենց համապատասխան ընթացակարգն է անցել: Առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգն ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո` 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում, եւ 2025 թվականին, հուսամ, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»,- ասել է նախարարը` հավելելով, որ այս պահին խանգարող որեւէ բան չի տեսնում:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: Նախարարի տեղեկացմամբ այժմ պայմանագրի տեքստի շուրջ կա 1-2 ձեւակերպում, որոնց վերաբերյալ  կշարունակվեն աշխատանքները: «Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի  համաձայնության գալ նաեւ այդ 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը  պատրաստ կլինի ստորագրման»,- ասել է նա եւ հավելել, որ հայկական կողմն անհիմն է համարում ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային որոշակի պահանջ է պարունակում Ադրբեջանի տարածքի նկատմամբ: «Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն: Եվ այստեղ, որպես շատ հզոր եւ հստակ ապացույց,  ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանի խոսքով  մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչի  առումով եւս քայլեր են արվել:

«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ եւս որոշակի դրական մթնոլորտ կա, եւ մենք առաջիկայում կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան ա'յն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործեն ա'յն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են: Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա:

Սա արտացոլված է մեր Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Ուրախ եմ ասելու, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»,- ասել է նախարարը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am