Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհահատված, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել, որոնցից ամենաերկարը կլինի Բարգուշատի թունելը` 8.6 կմ երկարությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը քննարկել է «ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ճանապարհի կառուցումը թույլ կտա կրճատել գոյություն ունեցող ճանապարհահատվածը շուրջ 58 կիլոմետրով, կբարձրանա երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաեւ ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանն ու տուրիզմի զարգացմանը: Մանրամասն ներկայացնելով ճանապարհի կառուցման ծրագիրը, վարկային համաձայնագրի պայմանները` հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ճանապարհի կառուցման ժամկետ սահմանվել է հինգ տարի, երկու տարի էլ սահմանվել է որպես որակի երաշխիքային ժամկետ: «Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից ներկայացվող համաձայնագրով ֆինանսավորվելու է 236 մլն եվրոն: Սա համաֆինանսավորվող ծրագիր է եւ մնացյալ հատվածը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից»,- նշել է Քրիստինե Ղալեչյանը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ Դիլիջանի եւ Պուշկինոյի թունելների վերակառուցման, վերանորոգումների վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ մեծ հետաքրքրություն կա միջազգային ասպարեզում ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ, որի մի մասն է Հյուսիս-հարավ ճանապարհը: Իսկ քննարկվող վարկային համաձայնագիրն այն առանցքային փաստաթղթերից մեկն է, որը թույլ կտա իրագործելու ռազմավարական ծրագիրը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Կարեւորելով ծրագիրն ու համաձայնագիրը կյանքի կոչելու անհրաժեշտությունը` նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: