Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղղությունները, սկզբունքները, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր մեխանիզմները սահմանվում են «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծում: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
Ըստ զեկուցողի՝ փաստահավաք հանձնաժողովը կիրականացնի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների փաստահավաք գործունություն եւ կկազմի զեկույց:
«Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետեւանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ եւ այլն»,- նշել է Արմենուհի Հարությունյանը` հավելելով, որ մշակվելուց հետո այն ներկայացվելու է Կառավարություն` վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների եւ գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով:
Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում անցկացնելու է հարցազրույցներ, լինելու են այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հրավիրվելու են հանրային լսումներ եւ այլն: Հանձնաժողովն ունենալու է 7 անդամ` ընտրված մրցութային բաց ընթացակարգի միջոցով:
Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են նախագծի` ՀՀ Սահմանադրությանը հնարավոր հակասումներին, հանրային մեծ հնչեղություն վայելող թեմաները խորհրդում քննության առնելուն, խորհրդի գործառույթներին ու դրա անդամներին ներկայացվող պահանջներին:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը տեղեկացրել է, որ օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: