2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին նախաձեռնել էին «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում: Մասնակցում էին քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու պատմաբաններ:
ԼՂ հայ բնակչության ինքնությունը բնորոշող ամբողջ նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը՝ մոտ 5000 հուշարձան, 20 պետական եւ 3 ոչ պետական, մեկ տասնյակից ավելի դպրոցական թանգարաններ՝ բազմաթիվ ցուցանմուշներով, եկեղեցիներ, վանական համալիրներ, խաչքարեր, ամրոցներ, գերեզմանոցներ ոչնչացման ճանապարհին են. բարձրաձայնում են քննարկման մասնակիցները: Դեռեւս 1950-60 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացվող հայկականության յուրացումն առավել ընդգծվել է հատկապես 2023 թվականի իրադարձություններից հետո: Նշվել է, որ ոչնչացվում են վիմագիր արձանագրությունները, 1994 թվականից հետո կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները, արվեստի կոթողները:
Առաջարկվել է իրականացնել ԼՂ թանգարանների, թանգարանային հավաքածուների, ցուցանմուշների ցանկի ցուցակագրում, ինչպես նաեւ հանրային շրջանակում պարբերաբար կազմակերպել ԼՂ-ից տեղափոխված թանգարանային, պատմական ցուցանմուշների ցուցադրություններ: Ընդգծվել է ոչնչացումից փրկված թանգարանային ցուցանմուշների պահպանման անհրաժեշտության հարցը: