ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր:
Կառավարության հեղինակած
««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի ներկայացմամբ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ Ծառայության զինծառայողների վրա:
«Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվի ոստիկանության ծառայություն` միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ եւ վերապատրաստված անձնակազմով: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փաստել է, որ կատարվել են այնպիսի լրամշակումներ, որոնք փարատում են առկա բոլոր մտահոգությունները: Մասնավորապես, Ոստիկանական գվարդիայի ձեւավորման համար ժամկետ նախատեսվել է 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Ըստ հիմնական զեկուցողի` ներկայացված բոլոր փոփոխությունները միտված են առավել ներդաշնակ դարձնել օրենսդրական նախաձեռնությունը:
««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսումնական հաստատության ստեղծման համար: Այն հնարավորություն կընձեռի ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել` ապահովելով ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են բացառապես տեխնիկական բնույթի փոփոխություններ:
««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին եւ գործնականում բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: