Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով այն թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման՝ ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ազգային կարգավորումը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել նաեւ լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պետության կարիքների համար չգրանցված բժշկական արտադրատեսակների ներմուծման մեխանիզմ:
Նախատեսվում է տարանջատել կլինիկական եւ կլինիկալաբորատոր հետազոտությունների իրականացման համար թույլատրվող գործընթացները: Կահմանվեն կլինիկական փորձարկումների՝ Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգին, ինչպես նաեւ բժշկական կազմակերպությունների՝ կլինիկական փորձարկումներ իրականացնելու թույլատվության տրամադրմանը վերաբերող կարգավորումները:
Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնության ընդունմամբ բժշկական արտադրատեսակների սպասարկում տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայով կթույլատրվի բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվել լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում եւ այդ վայրից դուրս:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը լրամշակվել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի առաջարկների հիման վրա:
Նախաձեռնությունը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: