ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախաձեռնություններ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մանրամասնել է առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագծի առնչությամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական բնույթի ու հստակեցնող երկու առաջարկ է ներկայացվել:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագծի մասով ներկայացված առաջարկները եւս ընդունվել են:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ծանուցումների մասով կարգավորումները վերանայվել են: Այս մասին հայտնել է Արթուր Մանուկյանը: Նախկինում պետք է ծանուցվեր գործատուի անձնական գրասենյակը: Նոր կարգավորմամբ հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին եւ հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին նշված փաստաթղթերը ծանուցվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի՝ անձանց ծանուցման համակարգի միջոցով, եւ նշված անձինք համարվում են ծանուցված՝ համակարգում փաստաթղթերը ներբեռնելու օրվան հաջորդող երրորդ օրը: ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ մինչեւ «Ես եմ» հարթակի կիրառումը, ինչպես նաեւ այդ համակարգից չօգտվողների համար կգործեն սահմանված կարգավորումները:
Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ առաջարկող օրինագծի մասով առաջարկներ եւ փոփոխություններ չեն եղել: