ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համապատասխան որոշմամբ փոխանցվել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց է: Նախագծի ընդունման նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Վերոնշյալ փորձաքննության իրականացման կարգը սահմանվելու է լիազորող մարմնի կողմից: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Նոր կարգավորման նպատակն իրավական հիմքերի ապահովումն է: Նախագծի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակական ապահովմանը եւ սպառողի շահերի պաշտպանությանը:
Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում մտքեր են փոխանակել թանկարժեք մետաղների շրջանառության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի` երկրորդ ընթերցմամբ քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով: