National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.10.2024
Ներկայացվել են Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների եւ ԱԱԾ-ի իրականացրած աշխատանքները
1 / 43

2019-2024 թվականների ընթացքում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետեւյալն են` 2019 թվականին` 26.850, 2020-ին` 26.468, 2021-ին` 30.245, 2022-ին` 37.612, 2023-ին` 40.666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին` 24.567. ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Նրա դիտարկմամբ 2019-2023 թվականների ընթացքում, թեեւ արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2 տոկոս), վերջիններիս տեսակարար կշիռն ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7 տոկոսսով: 2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում` նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած, արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2023 թվականին կազմել է 546` 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2 տոկոսով:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4 տոկոս: 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք. նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8 տոկոսով նվազում է: Ըստ Աննա Վարդապետյանի` այս հանցագործությունների լատենտային բնույթը եւ տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը շարունակում է անհանգստացնել պատկան մարմիններին:

Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին` գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2019 թվականին արձանագրվել է 74, 2020-ին` 83, 2021-ին` 57, 2022-ին` 67, 2023-ին` 94, իսկ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է 75 դեպք:

Ներկայացնելով թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության թվային ցուցանիշները` Աննա Վարդապետյանը նշել է, որ 2019 թվականից 2023 թվականներին մաքսանենգության դեպքերն աճել են 47-ով, իսկ ապօրինի շրջանառության դեպքերը` 3717-ով: 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 1946 դեպք:

Նշվել է, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռիսկերը նվազեցնելու նպատակով գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարի տեղակալին եւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: Համապատասխանաբար` միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն` դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով կասեցվել է երեք դեղատան լիցենզիա:

Խոսելով թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճի մասին` Աննա Վարդապետյանը կարեւորել է առաջնահերթ նշանակություն ունեցող սահմանային անցման կետերում անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նշված կետերով թմրամիջոցների տարանցման հնարավորությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ` քրեական պատասխանատվության: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ` քրեական պատասխանատվության: 2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ` 5 դատախազի նկատմամբ: Աննա Վարդապետյանը խոսել է նաեւ քրեական վարույթների եւ գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է խորհրդարանական լսումների մասնակիցների հարցերին: Հարցերը վերաբերել են դատավարությունների ողջամիտ ժամկետներին վերաբերող մասնավոր դեպքերին, միջին ծանրության հանցագործությունների համար երեք ամսից ավելի կալանքի տակ պահելու հարցի օրինաչափ լինելուն, բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճին եւ դրանց բացահայտմանը: Աննա Վարդապետյանը ներկայացրել է պարզաբանումներ հրազենով կատարված դեպքերի, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված վիճակագրության, քննության ժամկետների եւ արդյունավետության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների թվի աճին` գլխավոր դատախազը հաստատել է աճի փաստը` ընդգծելով, որ վերլուծվում են կոնկրետ պատճառները: Նրա խոսքով աճել է նաեւ բացահայտելիության չափը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է հանցավորության հաշվառման գործընթացի իրականացման եւ այդ գործընթացի գնահատման մեթոդաբանությունների կիրառման կարեւորությանը: Նա նշել է, որ եթե Ոստիկանության տեղեկատվական կենտրոնը յուրաքանչյուր ժամանակահատվածի` օրինակ 2022 թվականի վերջում հրապարակում է որեւէ տեսակի հանցագործությունների որոշակի ցուցանիշ, հաջորդ տարիների ընթացքում, հանցագործության բացակայության հիմքով կարճված գործերի թիվը չի արտացոլվում արդեն հրապարակված վիճակագրական տվյալներում: Ըստ նրա` նույն տրամաբանությամբ, տարվա կտրվածքով, չի արտացոլվում նաեւ հետագա տարիներին բացահայտված հանցագործությունների թիվը. այսինքն` 2023 թվականին բացահայտված որեւէ հանցատեսակի քանակական ցուցանիշը չի արտացոլվում 2022 թվականի վիճակագրության մեջ: Արգիշտի Քյարամյանը նշել է, որ դա է հիմնական պատճառը. թվում է` կա համատարած թե' հանցավորության մակարդակի աճ, եւ թե' հանցավորության բացահայտելիության նվազում: Նշված համատեքստում անդրադառնալով մարդու դեմ ուղղված հանցագործություններին թվին` Արգիշտի Քյարամյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ոչ թե 6565, այլ 6081 դեպք, իսկ 2023 թվականին` 7138-ի փոխարեն 6006 դեպք: Այսինքն` տվյալ դեպքերի թիվը ոչ թե աճել է, ինչպես նշվել է հաշվետվության մեջ, այլ ընդհակառակը` նվազել է:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններին: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրված  դեպքերի 45.4 տոկոսը, նաեւ 2023 թվականի` 35.2 տոկոսը վերաբերում են առանց վարորդական իրավունքի վարելուն: Ըստ Արգիշտի Քյարամյանի` նոր հանցատեսակներ կան, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում հանցավորության քանակական աճի գնահատման վրա: Հանցավորության գործոնի վրա իր ազդեցությունն է ունենում  նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների  եւ վերջին շրջանում արտերկրից Հայաստանում բնակվելու նպատակով տեղափոխվածների թվի աճը:

Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 1477 վարույթի դիմաց: Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 363-ի դիմաց: 2024 թվականի ինն ամիսների ընթացքում քննվել են 419-ով կամ 24,8 տոկոսով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 տոկոսով: Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114-ը` 250 անձանց վերաբերյալ: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ կոռուպցիոն դեպքերի նվազում չունենք:

2019-2024 թվականների ընթացքում Հայաստանի անվտանգային միջավայրի պարբերաբար ձեւափոխման պայմաններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները` ապահովելով անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը. ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Նրա խոսքով վերջին տարիներին արագ տեմպերով արմատական փոփոխությունների են ենթարկվել հանցագործությունների կատարման եղանակներն ու մեթոդները` պայմանավորված հասարակական հարաբերություններում թվային տեխնոլոգիաների ակտիվ ներգրավմամբ, սոցիակալան ցանցերի շարունակական զարգացմամբ: Հաշվի առնելով մեր երկրի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, ռազմաքաղաքական իրողությունները, ինչպես նաեւ նպատակ ունենալով պատշաճ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին` ԱԱԾ մարմիններում մշտապես իրականացվում են տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԱԾ-ի կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում: Զեկուցողի տեղեկացմամբ բացահայտվել է 86 հանցագործություն` ուղղված սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ: Կազմակերպված հանցավոր խմբավորումների եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ էլ բացահայտվել է 77 հանցագործություն, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի եւ առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված` 170 հանցագործություն, իսկ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրիանական շրջանառության` 295 հանցագործություն:

Ըստ Արմեն Աբազյանի` ԱԱԾ մարմինները ծավալուն աշխատանքներ են իրականացրել նաեւ կիբեռանվտանգության ոլորտում ռիսկերի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակահարմարությանը, հանցագործության դեմ պայքարում պատժի անխուսափելիությանը, ոստիկանության ծառայողների նկատմամբ հասարակության վստահության մեծացմանն ուղղված քայլերին, կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին եւ նշել. «Մենք խորհրդարանական կառավարման երկրում ենք եւ ունենք բազմաթիվ անելիքներ»:
 


15.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների ...

15.10.2024
Խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում օպերատիվ իրավիճակը, բարեփոխումները եւ վերջին շրջանի զարգացումները
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու...

15.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում
Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւ...

15.10.2024
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ
Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ եւ նույնանման: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալա...

15.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբեր...

15.10.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.10.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am