Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարեւոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցերը: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է բոլոր ժամանակներում հունգարական կողմի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը հայ համայնքին: Պատգամավորի խոսքով Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի` հումանիտար հարցերում մեր երկրին աջակցելու առաջարկը, մասնավորապես` հայ ռազմագերիների ազատ արձակման առումով: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է հիշատակել 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ 5 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձը:
Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային կայունությանն ուղղված հայկական կողմի ջանքերը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին` ընդգծելով, որ մեր երկրի համար կարեւոր է հարեւանների հետ խաղաղ գոյակցությունը: Պատգամավորը մանրամասնել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանի զարգացմանը:
Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը եւս կարեւորել է երկկողմ կապերի զարգացումը տարբեր բնագավառներում: Նա վերահաստատել է հունգարական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանման խնդրին, տնտեսության, գիտության, կրթության, հոգեւոր-մշակութային, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Ընդգծվել է հատկապես երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել այն փաստը, որ հաջողությամբ իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ամառային ճամբարի նախաձեռնությունը. երեխաների առաջին խումբն օգոստոսին այցելել է Հունգարիա: Նշվել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանը, Արսեն Թորոսյանը եւ Գայանե Եղիազարյանը: