National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.10.2024
Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է. 
  
«Հարգելի' գործընկերներ,

Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը,  շատերին ցնցեց: Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարեւորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որը հարկադրեց Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից: 
  
Ադրբեջանի կողմից ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ըստ էության, սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ: 
  
Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը` սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները:

Ներկայում Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները եւ կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ: Նրանց թվում են 2023 թվականի սեպտեմբերին անօրինական ձերբակալված եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները:

Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության եւ արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որեւէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի` կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են:

Թեեւ Կանադան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:

Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր:

Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել:

Հարգելի' գործընկերներ,

Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համամարդկային արդարության:

Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի եւ արժեքների վրա, որ բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ:

Միջազգային հանրությունը ձախողել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը` թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ: Սա նոր անարդարությունների եւ անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար:

Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների եւ գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը:

Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ:

Սա արդարություն է ամբողջ մարդկության համար»: