National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.01.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.10.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
1 / 8

Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն:

Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, ինչով եւ պայմանավորված է երկրի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողություններին իր մասնակցության հանգամանքը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Սենատի նախագահ Խերարդո Նոռոնյան իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության սերտացման ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեքսիկայի Սենատի՝ 2023 թվականին ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման եւ հնարավոր նոր հանցագործությունների կանխարգելման գործում:

Հակոբ Արշակյանը հայկական կողմի գնահատանքն է հայտնել հայտարարության ընդունման առնչությամբ՝ նշելով, որ այդ քայլով Մեքսիկան, ի թիվս քաղաքակիրթ այլ երկրների, վերահաստատել է համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նկատմամբ իր վերաբերմունքը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը վերաբերող հարցեր: ԱԺ փոխնախագահը մեքսիկացի իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն ու զարգացումները: Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում Մեքսիկայի ներկայացուցչի բալանսավորված եւ արդար դիրքորոշման ու ելույթների համար:

Խերարդո Նոռոնյան իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արդյունավետ կլինի, ու բոլոր տարաձայնությունները շուտափույթ հանգուցալուծում կստանան՝ տարածաշրջանում ապահովելով երկարաժամկետ ու կայուն խաղաղություն:
 
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում:

ԱԺ նախագահի տեղակալն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել նաեւ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անկաշկանդ եւ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-մեքսիկական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հակոբ Արշակյանը պատասխանել է ներկաների հարցերին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող գործընթացը:

Մեխիկոյում գտնվելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն այցելել է Հայաստանի դեսպանություն, ինչպես նաեւ հարցազրույց է տվել մեքսիկական հեղինակավոր «El Universal» պարբերականին:


24.01.2025
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Երեւանում են  Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները: Պատվիրակները մեր երկրում են ԱԺ նախագահի հրավերով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

24.01.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am