Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ համաժողովը միջազգային գործընկերների հետ սերտորեն շփվելու եւ փորձի փոխանակման լայն հնարավորություններ է ստեղծում: Նա խոսել է համաժողովի լայն ընդգրկվածության մասին. խորհրդարանական շրջանակից բացի ընդգրկված են Կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի շահառուներ:
Մեր երկրում պետական կառավարման համակարգում երիտասարդների ընդգրկվածության առումով հայկական պատվիրակության ներկայացուցիչը վստահեցրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում ընդլայնվել է երիտասարդների ներգրավվածությունը:
Խոսելով համաժողովի նպատակի մասին՝ Հասմիկ Հակոբյանը նախ անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերին, որոնք բացասաբար են ազդում երիտասարդների վրա, մասնավորապես՝ նրանց աշխատանքի եւ կրթության իրավունքի իրացման տեսանկյունից: Համաժողովի նպատակն է անկախ հանգամանքներից հնարավորություններ տալ երիտասարդներին:
Պատգամավորի համոզմամբ միջոցառումը լավ հնարավորություն է նաեւ խոսելու Հայաստանի խնդիրների մասին: Այս համատեքստում հայկական պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երիտասարդների խախտված իրավունքների հարցը եւ ներկայացնելու է խնդիրների կարգավորմանն ուղղված լուծումները: