Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ: Երիտասարդների մուտքն ու ակտիվությունը քաղաքականություն, իհարկե, շատ կարեւոր եւ հասկանալի է: Բայց, ճիշտն ասած, ես որոշակի հայեցակարգային հարց ունեմ «երիտասարդ պատգամավոր» արտահայտության հետ կապված, քանի որ, իմ ընկալմամբ, պատգամավորը պատգամավոր է: Երիտասարդ, միջին տարիքի, թե տարեց՝ նա ունի մեկ մանդատ, եւ նույնքան լիազորություն, որքան տարեցները: Անհրաժեշտ է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է, բայց եթե որեւէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն, առնվազն բառի փոխաբերական իմաստով, նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Եվ ես կարեւոր եմ համարում ընդգծել այս առանձնահատկությունը»:
Վարչապետն անդրադարձել է համաժողովում քննարկվելիք առանցքային՝ կրթության, աղքատության, զբաղվածության հարցերին, այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել կրթության կարեւոր դերակատարությունը:
«Չկա որեւէ հիմնախնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով, այդպիսի հիմնախնդիր գոյություն չունի: Եվ ընդհակառակը՝ չկա մի հիմնախնդիր, որի ծագումը կապված չէ կրթության, կամ ավելի ճիշտ՝ կրթության պակասի կամ դրա բացակայության, կրթության ցածր որակի հետ: Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ հիմնախնդիր է, այդ թվում՝ ՀՀ-ում, մեզ նաեւ դրա համար շատ քննադատում են: Բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ: Կրթության այն համակարգերը, որոնք գոյություն ունեն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով աշակերտներին, երեխաներին, հետագայում նաեւ՝ ուսանողներին, բավարար հմտություններով չեն օժտում մրցունակ լինելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջորդիվ անդրադառնալով գործազրկության խնդրին:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: