Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակում արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը սեպտեմբերի 11-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Արթուր Մանուկյանի` նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն:
Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա, առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաեւ իրականացվող գործընթացի պարզեցմանը:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Եզրափակիչ ելույթում Արթուր Մանուկյանը եւս մեկ անգամ ներկայացրել է պարզաբանումներ սահմանային փաստաթղթերի զննման վերաբերյալ: