Թեեւ փոփոխությունը կարելի է առավելապես տեխնիկական համարել, բայց, միեւնույն ժամանակ, այն հեշտացնելու է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը, եթե կարելի է այդպես ասել, եւ էապես կրճատելու է նաեւ պետական մարմինների վարչարարությունը. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:
«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչեւ իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է նա:
Ըստ հիմնավորման` ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվեն փաստաթղթաշրջանառության բարդ եւ ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական եւ այլ վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք լինո՞ւմ են դեպքեր, երբ քաղաքացու զորակոչման տարիքը լրացել է, սակայն նա դեռ սովորում է վերոնշյալ հաստատություններում կամ դպրոցում: Ի պատասխան` ԿԳՄՍ նախարարը հայտնել է` այո', լինում են քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռեւս սովորում են դպրոցում կամ քոլեջում այս կամ այն պատճառով: Նշվել է, որ տարեկան մոտ 1000 նման դեպք է լինում, երբ տարկետման կարիք է լինում: Նախարարը նաեւ պարզաբանել է` կարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել այս կարեւոր նախագծին:
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի նիստում: