Այս օրինագիծը շարունակությունն է հանրակրթության ոլորտի բարեփոխումների. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությունը:
Խոսելով տնօրենների նշանակման գործընթացի մասին` զեկուցողն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան: Այդ հանգամանքով պայմանավորված` գործադիրը նախատեսում է ներդնել փորձաշրջանով տնօրենների ներգրավման մեխանիզմ: Նախարարի խոսքով այն հնարավորություն կտա սկսել աշխատանքն այն հավակնորդների հետ, որոնք գուցե այս պահին բավարար կարողություններ ունենալու մասով խնդիր ունեն, սակայն անհրաժեշտ վերապատրաստումների եւ աջակցության պարագայում կարող են լիարժեք իրականացնել այդ աշխատանքը:
Նախաձեռնությամբ կատարվել են մի շարք հստակեցումներ: Տնօրենի գործառույթներում կարեւորվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հետ կատարվող աշխատանքը: Տնօրենների եւ վարչատնտեսական համակարգողների մասով էլ սահմանվել է քաղաքական զսպվածության պահանջը: Ժաննա Անդրեասյանի կարծիքով այն հանրակրթական հաստատությունները զերծ կպահի քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից:
Հստակեցվել են նաեւ ուսուցիչների հերթական եւ կամավոր ատեստավորման հետ կապված ընթացակարգերը: Դպրոցների կառավարման մասով էլ գործադիրը սահմանում է «մենթոր դպրոցի» հասկացությունը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են որոշ դպրոցներում վերակառուցման աշխատանքների ընթացքի դանդաղմանը, «մենթոր դպրոցի» ընտրությանն ու գործառույթներին, դպրոցներում քաղաքական զսպվածության ձեւակերպմանը, ինչպես նաեւ որոշ առարկաների գծով դասագրքերի բացակայությանն ու անկախ ատեստավորումից ուսուցիչներին հավելավճարների տրամադրմանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել: