Սոցիալական աջակցության ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով նախաձեռնությունը բխում է Կառավարության ստանձնած մի քանի կարեւոր պարտականություններից ու պարտավորություններից. հաղթահարվելու է ծայրահեղ աղքատությունը, ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման եւ դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը:
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ եւ սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:
Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով ներկայացրած կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը շուրջ 85 հազար է, իսկ նպաստ ստացող ընտանիքները շուրջ 67 հազար են, սահմանվել են անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ արդեն հին համակարգով նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքները մինչեւ ընտանիքի հաջորդ հաշվառման փաստագրման ամիսը ներառյալ կշարունակեն ստանալ նպաստը:
Աննա Ժամակոչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ անապահովության գնահատման մեխանիզմների, սոցիալական խմբերի պատկանելիության հիմքով միավորների ձեռքբերման վերաբերյալ:
«Սոցիալական աջակցության համակարգը հեղինակազրկվել էր վերջին տասնամյակներին վարվող քաղաքականության պատճառով: Հուսով եմ, որ մեր այս երկար սպասված փոփոխությունը վերջ կդնի բոլոր կարծրատիպերին եւ արատավոր մոտեցումներին»,- ասել է հարակից զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
Նպաստի նոր համակարգի կոնցեպտը մշակվել է դեռեւս 2019 թվականին: «Ես հույս ունեմ, որ նախագիծը մեր քաղաքական հանձնառությունն իրականացնելու հնարավորություն կտա, այն է՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ սոցիալական աջակցությունը դարձնել ավելի հասցեական»,- նշել է հարակից զեկուցողը՝ որպես նախագծի ամենակարեւոր սկզբունք ընդգծելով աշխատանքի խթանումը:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին նախագծի վերաբերյալ տեղի է ունենալու քննարկում:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի մշակումն ու ընդունումը՝ ընդգծելով երկար տարիներ գործող ոչ արդար սոցիալական քաղաքականության հանգամանքը:
Եզրափակիչ ելույթում Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախագծի վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ եւս մեկ անգամ ընդգծելով օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը: