Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ: Հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:
Օրենսդրական փաթեթին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: