Տպել
09.09.2024
Նախագծով 16 տարին լրացած անձն իր առողջական վիճակի մասին մատչելի ձեւով տեղեկություն ստանալու իրավունք կունենա
1 / 3

Նախագծի նպատակն է ստեղծել օրենսդրական հիմքեր, ըստ որոնց` 16 տարին լրացած անձն իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ գործող կարգավորման՝ 16 տարին լրացած անձն իրավունք ունի տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանված է նախարարի հրամանով, սակայն որոշ բժշկական կենտրոններ դրանք տրամադրում են, որոշ բժշկական կենտրոններ էլ հրաժարվում են դրանք տրամադրելուց: Ելնելով առաջացած գործնական խնդիրներից՝ անհրաժեշտութուն է առաջացել այս իրավունքը եւս ամրագրել օրենքով»,- պարզաբանել է նախագծի հեղինակ Զարուհի Բաթոյանը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: