Տպել
09.09.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները
1 / 2

Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Դրանց մի մասը վերաբերելի է իրավական փոխօգնությանը, այդ թվում` քրեական ոլորտում, եւ ընդհանրական սահմանում է դրանք տրամադրելու ձեւերը, կարգը, վարույթային գործողությունները, տարբեր հարցումների կատարման առանձնահատկությունները: Բնական է, միջազգային պայամանգրերը դրանք չեն նախատեսում: Այս առնչությամբ ՀՀ պատկան, իրավասու մարմինները կարիք ունեն ունենալու այնպիսի կարգավորումներ, որոնք նրանց հնարավորություն կտան հասկանալու, թե որ միջազգային պայամանագիրն ինչ ուղղությամբ պետք է կատարել, եւ որ մարմինն ինչ պարտականություն ունի այս կամ այն միջազգային պայմանագիրը կիրարկելիս: Այս հրամայականն է ընկած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի մշակման հիմքում: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ նախագիծը բաղկացած է 10 գլուխներից, որոնք բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ են կարգավորվում: Նախատեսում է իրավական օգնության տրամադրում ինչպես միջազգային պայմանագրերի առկայության, այնպես էլ` դրանց բացակայության դեպքերում:

Նախագծի առանձին գլուխներով ամրագրվել են հսկողություն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության  տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց տեղափոխելուն վերաբերվող դրույթներ:

Առանձին գլխով կարգավորում են ստացել քրեական վարույթի փոխանցմանն առնչվող իրավահարաբերություններ` վարույթի փոխանցման կարգն ու պայմանները, հարցումը կատարելուն, միջնորդության ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող միջազգային պայմանագրերից բխող պահանջները, հարցումը մերժելու հիմքերը:

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների` 2019-2023 թվականների ռազմավարության ծրագրից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ` նշելով, որ օրենքով կկարգավորվի քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները: