Տպել
09.09.2024
Քննարկվել է ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաների տրամադրմանն առնչվող արձանագրությունը
1 / 3

«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել՝ բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը  տարածվում է զարգացող եւ քիչ զարգացած երկրների վրա: «Բոլոր այն դեպքերում, երբ այդ երկրները բախվում են արտակարգ իրավիճակների հետ, եւ իրենց արտադրական հնարավորությունները թույլ չեն տալիս համաճարակային իրադրությունից բխող դեղեր արտադրել ու սպասարկել ազգաբնակչությանը, ԱՀԿ անդամ երկիրը կարողանում է դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի: Վերջինս էլ հարկադիր լիցենզիա է տրամադրում իր երկրի՝ արտադրական հնարավորություն ունեցող որեւէ ընկերության՝ այդ դեղերն արտադրելու եւ դիմող երկրին տրամադրելու համար»,- մանրամասնել է զեկուցողը:

Նշվել է, որ փաստաթղթին միացել է 111 ԱՀԿ անդամ երկիր: Արձանագրությանն անդամ երկրների կողմից միանալու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

««Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրինագիծը քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում: