Տպել
01.11.2006
2007 թ պետական բյուջեի նախագծում պահպանված է սոցիալական ուղղվածությունը

Նոյեմբերի 1-ին խորհրդարանում սկսվեցին 2007 թ պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջին քննարկումը մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձեւաչափով էր` ԱԺ նախագահի, վարչապետի, կառավարության անդամների, պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց քննարկումների ժամանակացույցը եւ օրակարգը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ թե 2007-ի նախագիծը, թե անցյալ տարիների բյուջեները 2003 թ.-ին ներկայացրած եւ խորհրդարանում հաստատված` կառավարության գործունեության ծրագրի տրամաբանական շարունականությունն են: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ կառավարության համար ուղենիշ դարձած հիմնական փաստաթուղթը «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրն» է: 2003 թ. սկսած` կառավարությունն առաջնորդվում է միջնաժամկետ ծրագրերի քաղաքականությամբ: Հունիսին հաստատված`  2007-2009 թթ. միջնաժամկետ ծրագրում էլ նախանշված են 2007 թ. պետական բյուջեի առաջնահերթությունները:Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով` համատեղ կատարված աշխատանքը լավ արդյունք է տվել` պահպանվել են տնտեսության զարգացման բարձր տեմպերը, ապահովվել է սոցիալական քաղաքականությունը, իրագործվել են միջնաժամկետ եւաղքատության կրճատման ծրագրերով առաջադրված խնդիրները: ՀՆԱ-ի բարձր մակարդակը, ըստ վարչապետի, եւս հնարավոր է դարձել օրենսդիր եւ գործադիր մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում, քանի որ տարվա ընթացքում կառավարության ներկայացրած օրինագծերին հավանություն տալով` խորհրդարանը բյուջետային ծրագրերն իրականացնելու համար իրավական անհրաժեշտ դաշտ է ստեղծել: Վարչապետը նկատեց, որ արդեն 6-րդ տարին է` բյուջեն կազմվում է ըստ ծրագրերի, եւ ոչ թե օպերատիվ խնդիրների լուծման տրամաբանությամբ: Նա նշեց, որ 2007-ին եւս բյուջեն կունենա սոցիալական ուղղվածություն: Այս ծրագիրը կոալիցիայի ծրագրի իրագործումն է եւ բյուջեներն էլ` կոալիցիայի կազմածը` ասում է Անդրանիկ Մարգարյանը: Նրա բնորոշմամբ,Աժ մեծամասնությունը, կոալիցիային պաշտպանող քաղաքական ուժերի հետ միասին,հասել է ձեռքբերումների: Գործադիրի ղեկավարը հույս հայտնեց, որ քննարկումների եւ պատգամավորների առաջարկությունների արդյունքում կհաջողվի ստեղծել համատեղ մի փաստաթուղթ, որը 2007 թ. կապահովի տնտեսության զարգացումն ու երկրի անվտանգությունը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրեց նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամուտների ձեւավորման աղբյուրներըեւ ծախսերի կառուցվածքը:Նա նշեց,որ 2007 թ. բյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի եւ պարտքի մակարդակները ձեւավորվել են կառավարության երկարաժամկետ եւ միջինժամկետ հարկաբյուջետային ընդհանուր նպատակների համատեքստում: Կառավարության ներկայացրած փաստաթղթի համաձայն` գալիք տարում եկամուտները կկազմեն489,5 մլրդ. դրամ,ծախսերը` 557,8 մլրդ. դրամ եւ դեֆիցիտը` 68,3 մլրդ. դրամ: Եկամուտներն ընթացիկ տարվաճշտված համադրելի ցուցանիշի համեմատությամբ ավելացել են 12,2 տոկոսով: 2006-ի համեմատությամբ` ծախսերն ավելացել են 75,6 մլրդ. դրամով: Ծախսերի բախշման կառավարության ծրագրերում 2007-ին որպես գերակա ուղղություններ առանձնացվել են սոցիալական ոլորտի որոշ ճյուղեր, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտները: Գործադիրն անհրաժեշտ է համարում առավել մեծ ուշադրություն դարձնել հանրապետության տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային կայունության պահպանմանը, ինչպես նաեւ ԼՂ համակարտության կողմերի ուժերի հավասարակշռությանը: Այս հարցերի լուծման համար կտրամադրվի բյուջեի ծախսային մասի 25 տոկոսը: Ծախսերի առաջնահերությունների ցանկում է նաեւ տնտեսության առանձին ճյուղերում ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը, որի համար գործադիրն առանձնացրել է ծախսային գումարների 17 տոկոսը:Սոցիալ-մշակութային ճյուղերը կֆինանսավորվեն ծախսային մասի 38,7 տոկոսով: Մանկավարժների միջին աշխատավարձը` մեկ դրույքը եւ լրավճարները, առաջիկա տարում նախատեսվում է հասցնել 74 հազար դրամի: 18 տոկոսով կավելացվի քաղաքացիական եւ պետական ծառայողների բազային դրույքաչափը: Գիտաշխատողների աշխատավարձերը եւս նախատեսվում է բարձրացնել` բազային ամսականը սահմանելով 50 հազար դրամ: Ավանդների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 1 մլրդ. դրամ:

2007-ին նախատեսվում է 9 տոկոս տնտեսական աճ, 4 տոկոս սղաճ` 1,5 տոկոս տատանման հնարավորությամբ: Մեկ դոլարի հաշվարկային մեծությունը սահմանված է 357 դրամ: Ապրանքների ներմուծման աճը ծրագրվել է 13,5 տոկոս, արտահանման աճը` 16 տոկոս: ՀՆԱ-ում ներմուծման տեսակարար կշիռը, ըստ նախարարի, 31,7 տոկոս կկազմի, արտահանման մասնաբաժինը` 20,1 տոկոս: ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշը 15,7 տոկոս է նախանշված: Նախարարը նշեց, որ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում գերակշռելու են արտաքին միջոցները` կազմելով 60,5 տոկոս: Դեֆիցիտի ծածկման նպատակով ծրագրվում է օգտագործել նաեւ ներքին աղբյուրները` պետական արժեթղթերի իրացումից ստացված 8,5 մլրդ.դրամը եւ սեփականաշնորհման միջոցներից 19 մլրդ դրամը: Պետական պարտքը, ըստ կառավարության ծրագրման, 2007-ին կկազմի 1,5 մլն. դոլար: Արտաքին պարտքը կհատի1,3 մլն. դոլարի սահմանագիծը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին ուղղված հարցերի միջոցով պատգամավորներն անդրադարձան հասարակությանը հուզող խնդիրների: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտնեց իր մտահոգությունը դոլար-դրամ հարաբերակցության եւ նախագծում տեղ գտած` դոլարի հաշվարկային ցածր փոխարժեքի վերաբերյալ: Պատգամավորի բնորոշմամբ, այսօրվտանգված են տնտեսության որոշ ճյուղեր: Խոսքը մասնավորապես արտադրող-արտահանողների մասին է: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է օրենսդրական նախաձեռնություն` հաշվարկային փոխարժեքը բյուջում չարտացոլելու մասին: Ըստ նախարարի, սա կանխատեսում է, որը, սակայն, իրարանցում է առաջացնում: Նախարարի գնահատմամբ, արտահանման գործընթացի վրա բացասական ազդեցություն է թողել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումը: Արտահանման 16 տոկոս աճը, սակայն, նախարարը հիմնավորված է համարում:Հարցադրման մեջ Կարեն Կարապետյանը նկատեց, որ դրամի չափավոր արժեւորումը եթե դրական երեւույթ է, ապա շեշտակին վտանգավոր է: Նրա գնահատմամբ,շինարարության ոլորտում ներդրումների մեծ ծավալները եթե չլինեին,լուրջ խնդիրներ կառաջանային: Վարդան Խաչատրյանը կարծում է, որ դրամն արժեւորվում է թույլատրելի սահմաններում եւ միջոցներ են կիրառվում գործընթացը դանդաղեցնելու համար: Պատասխանելով Գագիկ Մինասյանի հարցին` ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին նոր լիազորություններ տալու վերաբերյալ, նախարարը հավաստեց, որ աշխատանքային խումբը մշակում է այդ օրենսդրական փաթեթը եւ շուտով այն կներկայացվի խորհրդարան:

Տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եզրակացության մեջ նախ անդրադարձ էր կատարված ընթացիկ տարվա բյուջեի կատարողականի վրա: ԿԲ-ի գնահատմամբ, հարկերի գծով գերակատարումները համահունչ չենեղել տնտեսական աճի բարձր տեմպերին: Այդ է վկայում համախառն ներքին արդյունքում հարկերի մասնաբաժինը: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով Հայաստանն այսօր անցումային երկրների շարքում ամենացածր տեղերից մեկն է զբաղեցնում, ասում է ԿԲ նախագահը: ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշռի ոչ բավարար աճի պայմաններում աղքատության կրճատման եւ միջնաժամկետ ծրագրերի նպատակային ցուցանիշները ցածր մակարդակի վրա են մնում: Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2007 թ. համար կառավարությունը ներկայացրել է ՀՆԱ-ումհարկերի 15,6 տոկոսն ապահովելու` չափազանց համարձակ ցուցանիշ: ԿԲ-ն հարցադրումներում ուշադրություն է դարձնելու այս ուղղությանը, թե ի՞նչ միջոցառումներ է կիրառելու կառավարությունն ապահովելու համար նշված ցուցանիշը: Եթե նախորդ տարիներին հարկեր-ՀՆԱ ծրագրված ցուցանիշի աճը 0,4 տոկոս է եղել, ապա այս տարի այն կկազմի 1,1 տոկոս: Այս մակարդակի ապահովմանն է ծառայելու կառավարության մշակած օրենսդրական փաթեթը, որը շուտով կներկայացվի խորհրդարան: ԿԲ նախագահը ներկայացրեց, որ այդ շրջանակներում նախատեսվում է ստվերային տնտեսության տեսակարար կշիռը նվազեցնել եւ հարկային վարչարարությունը արդյունավետ դարձնել: Նվազեցնել դոլարիզացիան, միաժամանակ կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը փոքրացնել` ավելացնելով անկանխիկ գործարքները: Աժ ներկայացվելիք նախագծերում ստվերային տնտեսության դեմ պայքարելու նոր միջոցներ կնախատեսվեն ինչպես հարկային մարմինների, այնպես էլմրցակցային մթնոլորտը բարելավելու համար:Այս միջոցառումները, ԿԲ եզրակացության համաձայն, կարող են համարձակ ցուցանիշն ապահովելու երաշխիքներ հանդիսանալ:Ֆինանսների եւ էնոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը քիչ ավելի ուշ իր ելույթում տեսակետ հայտնեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճը 1 տոկոսի հասցնելու ծրագիրը հավակնոտ է, բայց ոչ անիրագործելի: Նա նաեւ կարծում է, որ այս ցուցանիշն ավելի կբարելավվեր, եթե գյուղատնտեսությունը եւս բերվեր հարկման դաշտ: ԿԲ-ն հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության իրականացման շղթայում կարեւոր օղակ է համարում եռամսյակային ծրագրերի եւ փաստացի ցուցանիշների համապատասխանությունը:Պետբյուջեի կատարողականի եռամսյակային տվյալների համեմատականում ԿԲ-ն վերջին տարիներին արձանագրում է շեղումներ, ինչն էլ արտացոլվում է դրամավարկային ցուցանիշների վրա: Գլխավոր դրամատան ղեկավարն առաջարկում է գործադիր իշխանությանը ծրագրման գործընթացում փոփոխություններ կատարել: Այս առիթով Պավել Սաֆարյանը նկատեց, որ եռամսյակային անհամամասնությունները բյուջեի կատարման վրա բացասական ազդեցություն չեն գործում: Հարկերի հավաքագրման դաշտում պատկերն այլ է: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այստեղ հաջողությունն ակնհայտ է, եւ հարկերի հավաքագրումը սահուն է ընթանում:ԿԲ նախագահն անդրադարձավ նաեւ գնաճի ցուցանիշը վերանայելու` կառավարության մարտավարությանը:Չհրաժարվելով գնաճի ցածր մակարդակ ապահովելու քաղաքականությունից `  գործադիրն առաջարկում է 2006 թ.  գնաճը դարձնել 5, 2007թ.-ին` 4 եւ 2008թ.-ին`  3 տոկոս` 1,5 տոկոս տատանումների միջակայքով: Պատգամավոր Սամվել Նիկոյանը հարց բարձրացրեց գնաճի վերանայված ցուցանիշի` բնակչության վրա ազդեցության մասին: Նա հարցնում է` այդ քայլն արդյո՞ք համահունչ է աղքատության կրճատման քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, որ կառավարությունը ցուցանիշը վերանայելու եւ 3 տոկոսը 5 տոկոս դարձնելու լուրջ հիմքեր ունի: Միջազգային շուկայում բարձրացել են վառելիքի եւ հացահատիկի գները, ինչն էլ արտացոլվել է տեղական շուկայում: Գնաճի ճնշման մոնետար գործիքները կհանգեցնեին դրամի բազայի կրճատման եւ արդյունքում` մակրոտնտեսական շեղումների եւ դրամի կտրուկ արժեւորման: Այդ իսկ պատճառով կառավարությունը, ԿԲ-ի հետ միասին, նպատակահարմար է գտելվերանայել նախատեսված ցուցանիշը: Պատասխանելով Ստեփան Զաքարյանի` նախագծում դոլարի հաշվարկային փոխարժեք սահմանելու մեթոդաբանությանը վերաբերող հարցին` Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ սահմանված փոխարժեքը ոչմի առնչություն չունի շուկայում ձեւավորվող փոխարժեքի հետ եւ զուտ բյուջեի հաշվարկային միավոր է: Տարբեր երկրներում բյուջեի հաշվարկային փոխարժեքը տարբեր կերպ է որոշվում. այն պայմանավորվում է կամ այդ պահի փոխարժեքով, կամ նախորդ տարվա միջին մակարդակով, կամ էլ` կանխատեսվում է ֆինանսական հոսքերից ու մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով: ԿԲ նախագահը շուկայի մասնակիցներին եւ տնտեսավարողներին կոչ արեց ուշադրություն չդարձնել այդ փոխարժեքի վրա:

ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ բանկի` 2007 թ. բյուջեի  նախագիծը: Ապարատի պահպանման համար նախատեսվել է 3,3 մլրդ. դրամ` ընթացիկ տարվա ցուցանիշից 6,5 տոկոսով ավելի: ԿԲ-ի նախագահը ընդգծեց, որ 2007-ին գումարներ կհատկացվեն ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման դեմ պայքարի ստորաբաժանման գործունեության համար, հայ-գերմանական հիմնադրամի շրջանակներում փոքր էներգետիկ կայանի վարկավորելու նպատակով, ինչպես նաեւ միասնական վերահսկողություն իրականացնելու համար: 2007-ին ԿԲ-ն ծրագրել է Շուշիում մասնաճյուղ բացել:

Բյուջետային քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 3-ին` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:


01.11.2006
Թրաֆիքինգի հիմնախնդիրը լուծում է պահանջում
 Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 1-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան քաղաքական-տնտեսական հարցերով փորձագետ Մաշա Հերտցին:Պարոն Գոդֆրին նշեց, որ թր...