Առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջեւ քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը:
«Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) եւ դրանց հետեւանքների առնչությամբ իրավական հարաբերությունները»,- նշել է հիմանական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Նախագծում սահմանվել են նաեւ անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարման ապահովման, հանձնումը մերժելու դեպքում ՀՀ տարածքում հետապնդում իրականացնելու, անձի փաստացի հանձնման նպատակով կալանավորման, hանձնումը հետաձգելու, կրկնակի հանձնմանն առնչվող իրավակարգավորումներ, որոնք ներպետական օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:
Փոխնախարարի խոսքով առանձին գլխով կարգավորում են ստացել քրեական վարույթի փոխանցմանն առնչվող իրավահարաբերություններ՝ վարույթի փոխանցման կարգն ու պայմանները, հարցումը կատարելուն, միջնորդության ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող միջազգային պայմանագրերից բխող պահանջները, հարցումը մերժելու հիմքերը:
Նախագծի առանձին հոդվածներով ամրագրվել են անչափահասների հանձնմանն առնչվող առանձնահատկություններ:
Նշվել է, որ օրենքի նախագծի վրա Արդարադատության նախարարությունն աշխատել է Գլխավոր դատախազության հետ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ լինելու է աշխատանքային քննարկում:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: