National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.8.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.08.2024
Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը մեր երկրի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է. Վլադիմիր Վարդանյան
1 / 12

Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների առումով մենք այն երկրների շարքին ենք դասվել, որոնք մշտապես պայքարել են, պայքարում են եւ շարունակելու են պայքարել այս կարգի հանցագործությունները կանխարգելելու եւ դրանք դատապարտելու ուղղությամբ: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ օգոստոսի 13-ին հանդիպելով Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորներին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու օգոստոսի 14-15-ը Ծաղկաձորում կայանալիք «Միջազգային քրեական դատարանի նյութական եւ դատավարական իրավունքների ներկայացում ՀՀ-ի պետական մարմինների հիմնական դերակատարների համար» խորագրով աշխատաժողովին:

Հանդիպմանը մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը, Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը, Ֆրիդրիխ-Ալեքսանդեր Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով հենց «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթն առաջին անգամ միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը բնորոշելու համար:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությունը: «Դա հեշտ ճանապարհ չէր, բայց մենք մշտապես գիտակցել ենք, որ միջազգային արդարադատություն հնարավոր չէ իրականացնել առանց միջազգային քրեական արդարադատության համապատասխան կառույցների կայացման»,- մասնավորապես ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ կառույցին անդամակցությունը մեր երկրի  անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է: «Մենք դեռ ճանապարհին ենք՝ ներդաշնակեցնելու մեր ներպետական օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների հետ»,- նշել է պատգամավորը: Նա  համոզմունք է հայտնել, որ գալիք նստաշրջանի ընթացքում հնարավոր կլինի ընդունել բոլոր անհրաժեշտ օրենսդրական ակտերը՝ ՀՀ պարտավորությունները Միջազգային քրեական դատարանի առջեւ հավուր պատշաճի կատարելու համար: Հանձնաժողովի նախագահի խոսքով դեռեւս 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները համապատասխանեցված են Միջազգային քրեական դատարանի բովանդակային հոդվածների չափորոշիչներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am