Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ օգոստոսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ:
Մարիամ Պողոսյանը ներկայացրել է Ազգային ժողովի հետ հասարակական կազմակերպությունների համագործակցելու ուղղությունները, լսել հանդիպման մասնակիցների բարձրացրած խնդիրները:
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում եւ Երեւանում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին, ներկայացրել կարիքները եւ մտահոգությունները: Անդրադարձ է կատարվել հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող հարցերին, կարեւորվել է մի շարք խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են համայնքային կենտրոնների ստեղծմանը, դրանց համար տարածքների տրամադրմանը, համայնքային բյուջեների փոփոխությանը, սահմանամերձ գյուղերում բնակարանաշինական, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման ծրագրերին, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը վերաբերող հարցեր:
Կարեւորվել է հանրային կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավման հարցը: Մարիամ Պողոսյանն այդ համատեքստում ընդգծել է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Նա նաեւ նշել է, որ մշակվում է զբաղվածության ռազմավարությունը, որի նպատակը զբաղվածության հետ կապված զգալի մարտահրավերների կարգավորումն է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու մարզային այցեր:
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել պատգամավորին հանդիպման համար: Մարիամ Պողոսյանը կարեւորել է նման հանդիպումները, նշել, որ ստացել է օգտակար տեղեկատվություն, նաեւ նորություններ, որոնց մասին անհրաժեշտ է մտածել եւ ձեռնամուխ լինել դրանց կատարմանը: Պատգամավորն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական: