National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
1 / 3

Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 16-րդ հոդվածը, իսկ դրանով նախատեսվող կարգավորումը սահմանվում է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով: Այդ օրենքը լրացվում է «ինժեներական գեոդեզիա» հասկացությամբ, իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը, ի թիվս այլնի, իրավունք ունի նաեւ իրականացնելու ինժեներական գեոդեզիական ծառայություններ: Սահմանազատվում են գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեությունը եւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության ոլորտներում իրականացվող գործունեությունը` նպատակ ունենալով նաեւ տարանջատել դրանց որակավորման ընթացակարգերը եւ տարբեր պահանջներ սահմանել որակավորման գործընթացների համար: Վերոգրյալով պայմանավորված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը լրացվում է նոր` 16.1-16.5-րդ հոդվածներով, որոնք, մասնավորապես, վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացմանը, գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությանը, ինքնակարգավորվող կազմակերպության գույքին եւ կառավարման մարմիններին, ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստմանը, ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը:

Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, թե ՀՀ կառավարությունը տարածք է հանձնել Ադրբեջանին: «Քաղաքացին թե' Կիրանցի տարածաշրջանում,  թե' Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որում ասվում է՝ այն հողը, որի վրա դու ապրում ես, տուն ես կառուցել՝ քոնն է, Հայաստանի Հանրապետությանն է: Հիմա Դուք ասում եք` այդ քարտեզը սխալ է: Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ: Խնդրում եմ` առաջինից երկրորդ ընթերցում հստակ ասեք, թե քանի քառակուսի միլիմետր կամ քանի քառակուսի կիլոմետր տարածք  է տրվել թուրքին»,- դիմելով զեկուցողին` ասել է նա:

Այս կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն  խոսակցության մեջ, թե այս տվեց, այն տվեց այս իշխանությունը, ես համարում եմ անտեղի»,- ասել է Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ այդ հարցի մասին բազմիցս խոսվել է: «Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որեւիցե հարեւան երկրի չի տրվել, եւ չի նախատեսվել, չի քննարկվել, չի քննարկվում եւ չի կարող քննարկվել»,- ընդգծել է ԱԺ նախագահը` նշելով, որ նշված տարածքում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց եւ, հավանաբար, մեկ կիսակառույց շինություն է եղել, որոնց հետ կապված Կառավարությունը համաձայնության է եկել բնակիչների հետ` տալով փոխհատուցում: «Ես Ձեզ խնդրում եմ` այդ քաղաքական խոսույթը մի փորձեք բերել քաղաքական դաշտ, քանի որ մի անգամ արդեն արել եք` չի ստացվել», - մասնավորապես ասել է նա: 

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am