Տպել
11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
1 / 4

Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախագծով առաջարկվում է օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասում ավելացնել  դրույթ, որի արդյունքում Կառավարությունը կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրերը:

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում կամրագրվի Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու իրավունքը՝ դրանով սահմանելով ոլորտային ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու պարագայում իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորող նորմ:

Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված, պետական օժանդակության կարիք ունեցող եւ նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: