Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչեւ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան՝ Էդգարս Ռինկեւիչսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման, ինչպես նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում:
Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Լատվիայի նախագահն էլ իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում, ի վերջո, կհաջողվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքել, որն էլ կերաշխավորի տարածաշրջանի հարատեւ խաղաղ զարգացումը:
Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր: