Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնագավառում ծառայություններ մատուցող լիցենզավորվող անձանց կողմի համապատասխան տեղեկատվություն հարկային մարմին տրամադրելու անհրաժեշտությամբ. նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հարկային օրենսգրքով հարկային մարմնին վերապահված է իրավասություններ հարկ վճարողներից Կառավարության սահմանված կարգով պահանջելու տեղեկատվություն իրենց կամ իրենց մոտ պահվող այն հարկ վճարողների մասին, որը հարկային մարմինն օգտագործում է իր ընթացիկ հսկողությունն իրականացնելու, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարելու ընթացքում:
Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու կարեւորությունը՝ առաջարկվում է երկու օրենքներում սահմանել բացառություններ` հարկային մարմիններում տեղեկատվություն տրամադրելու առումով:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի տեսակետը ՝ կոչ անելով ընդունել օրենսդրական փաթեթը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 11-ի ԱԺ նիստում: