Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով բանաձեւը 2023 թվականի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումների ժամանակ քվեարկվել եւ ընդունվել է, ակնկալվում է, որ անդամ երկրներն իրենց ազգային ընթացակարգերով այն վավերացնեն:
Ըստ նրա՝ բանաձեւը վերաբերում է ՎԶԵԲ գործունեության ընդլայնմանը դեպի աֆրիկյան երկրներ եւ Իրաք: «Սա բանկի շարունակական ընդլայնման եւ պորտֆելի դիվերսիֆիկացման քաղաքականության շարունակականություն է, սակայն սահմանափակ եւ դանդաղ»,- նշել է նախարարի տեղակալը:
Նա տեղեկացրել է, որ կա երկու տեսանկյուն՝ ֆինանսական եւ արտաքին քաղաքական: Ֆինանսական տեսանկյունից նման ընդլայնումը չի վնասում արդեն իսկ անդամ երկրներում բանկի գործունեությանը:
Փոխնախարարը նաեւ նշել է, որ Կառավարության ծրագրով արտաքին քաղաքականության մասում արդեն հստակ նշված է, որ աֆրիկյան երկրների եւ Իրաքի հետ համագործակցությունը կարեւոր ուղղություն է: Արտաքին քաղաքական տեսանկյունից նույնպես նպատակահարմար է այս բանաձեւի ընդունումը:
Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն եւ կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել: