Տպել
21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
1 / 8

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

Նա նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունմամբ երաշխավորվում է անհամատեղելիության պահանջների առանցքային նպատակը, այն է՝ պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումից խուսափելն ու կանխելը եւ մյուս կողմից՝ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի խաթարման բացառումը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու դեպքերի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համաձայն օրենքի, հարուցել է վարույթներ, որոնց ժամկետը 90 օր է եւ լրանում է մայիսի 24-ին:

«Օրենսդրական փոփոխությունների՝ մինչեւ վերոնշյալ ժամկետում ուժի մեջ չմտնելու պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ղեկավարվելով գործող կարգավորումներով, անցկացնելու է վարույթներ, ինչը համայնքի ավագանու անդամների նկատմամբ անբարենպաստ հետեւանքներ կարող է առաջացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Փոխնախարարն առաջարկել է օրենսդրական փաթեթին տալ դրական եզրակացություն՝ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը եւս կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Միաժամանակ նշվել է, որ կա ավագանիների հետ կապված խնդիր, որն այս օրենսդրական նախաձեռնությամբ չի լուծվում: Առաջարկվել է ավելի խորն ուսումնասիրել միջազգային փորձն ու գտնել խնդրի լուծման վերջնական տարբերակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: