Տպել
30.04.2024
Աշխատում ենք խաղաղության ճանապարհով ընթանալ՝ կայուն եւ երկարատեւ խաղաղություն ունենալու համար. Վլադիմիր Վարդանյան
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 30-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի ու Եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամ Ռոնան Լը Գլյոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Կողմերն ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարեւորել դրանց հետագա խորացումը: Երկկողմ փոխգործակցության համատեքստում առանձնակի արժեւորվել է խորհրդարանական կապերի դերն ու նշանակությունը:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել «Եվրոպական խաղաղության գործիքի» անհրաժեշտությանը, ընդգծվել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը:

Վլադիմիր Վարդանյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին հայանպաստ ակտիվ գործունեության համար, վստահեցրել, որ մեր երկիրը փորձում է առավել մոտ լինել Եվրոպային: Նշելով, որ տարածաշրջանում իրադրությունը զգայուն է՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ հայկական կողմն ակնկալում է օժանդակություն, որը հնարավորություն կտա վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: «Աշխատում ենք խաղաղության ճանապարհով ընթանալ, որ կարողանանք Հայաստանում ունենալ կայուն եւ երկարատեւ խաղաղություն»,- ընդգծել է Վլադիմիր Վարդանյանը: