Տպել
30.04.2024
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերցրել է ուղեգիծ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հասնելուն. Անդրանիկ Քոչարյան
1 / 6

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանականների միջեւ ձեւավորված համագործակցությունը՝ նշելով, որ անվտանգային բազմաթիվ խնդիրներ լուծվել են Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ:  Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների հետ միջազգային տարբեր հարթակներում առկա բարձր մակարդակի համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն հայտնել է, որ առաքելության շրջանակում մայիսի 7-ին ներկայացնելու է հատուկ հաշվետվություն-զեկույց, ըստ որի՝ Եվրամիությունն ընդունելու է հատուկ բանաձեւ: «Մեր նպատակն է, որպեսզի մենք հեշտացնենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի գործունեությունը: Եվ առաջին անգամ Եվրամիության պատմության մեջ նրանք աջակցություն են ցուցաբերելու Հայաստանին»,- նշել է նա:

Այս համատեքստում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու ջանքերին, երկրի հյուսիսում իրականացվող սահմանազատման գործընթացին, պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանն ու նախատեսված  ծրագրերին:

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերցրել է մի ուղեգիծ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Պատերազմից հետո նման խնդիրն իրականություն դարձնելը  բարդ ընթացակարգով անցավ, եւ այս պահին Հայաստանը ձեռնամուխ է եղել հյուսիսային հատվածում սահմանազատման եւ սահմանագծման խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով, որ հսկայական դիմադրություն կար հակառակորդի կողմից այդ խնդիրներին վերաբերող հարցերին առնչվելու համար»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա կարեւորել է պաշտպանական ոլորտում Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ համագործակցությունն ու նոր որակի բանակի առկայությունը մեր երկրում: «Տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար մեզ պետք է նոր որակի բանակ,  իսկ դա միտված է խաղաղության ապահովմանը»,- մասնավորապես ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: