Տպել
30.04.2024
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար կապահովվեն ավելի հարմար, իրատեսական եւ առավել արդար պայմաններ
1 / 3

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն իրենց պետական գրանցման վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Դրանից հետո նոր միայն թույլատրվում է անցնել տեխզննման գործընթացը: Ժամանակին այս երկու գործառույթները միացրել են, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով հավաքագրումներն իրականացնել ամբողջ ծավալով: Մի կողմից գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, մյուս կողմից, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, ենթադրենք հունվար կամ փետրվար ամիսներին, նրան ստիպում են վճարել տվյալ՝ ընթացիկ տարվա գույքահարկն ամբողջությամբ: Ուստի, առաջարկում ենք, որ պարտադիր լինի վճարել նախորդ տարվա պարտքը եւ ոչ ընթացիկ տարվա գումարը: Այս մասին ասել է Բաբկեն Թունյանն ապրիլի 30-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար ավելի հարմար, իրատեսական եւ առավել արդար պայմանների ապահովումն է:

Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մեկ տեխնիկական առաջարկ, որը կշտկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: «Կառավարությունն առաջարկել է նաեւ դիտարկել այն տարբերակը, որ վճարվի ոչ թե նախորդ տարվա պարտքը, այլ՝ տվյալ պահի դրությամբ, կամ գույքահարկը վճարվի ոչ թե տարեկան կտրվածքով, այլ` ամսական»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ պատրաստ են քննարկել այն տարբերակով, եթե ամսական վճարելու հնարավորությունը լինի կամավոր եւ ոչ պարտադիր:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարեւորել է առաջարկվող լրացումը նաեւ համայնքային աշխատանքների համակարգման առումով:

Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության համար նախագծի ընդունման հիմնավորումները հասկանալի եւ ընդունելի են: Ներկայացնելով Կառավարության առաջարկությունները՝ զեկուցողը նշել է, որ գուցե նախագծի շրջանակում հնարավորություն ընձեռվի ե՛ւ փոխադրամիջոցների գույքահարկը, ե՛ւ անշարժ գույքի հարկը մինչեւ օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը՝ տվյալ դեպքում դեկտեմբերի 1-ը, կամավորության սկզբունքով վճարել մաս-մաս: Նա կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, որով, ըստ էության, վերականգնվում եւ ամրապնդվում է փոխադրամիջոցների գույքահարկի մասով՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի տրամաբանությունը, եւ իրական հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ընթացիկ տարվա հարկը զուտ տեխնիկական զննությամբ պայմանավորված վճարելու պարտադրանք չգործի: