Տպել
23.04.2024
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի՝ 2023 թ. միջոցառումների կատարման վերաբերյալ աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 18

2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը: 2023 թ. իրականացված միջոցառումների վերաբերյալ խորհրդարանում ապրիլի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ: Մասնակցել են պատգամավորներ, ոլորտը կարգավորող համապատասխան կառույցների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովման համար լրացուցիչ ջանքեր ներդնելու անհրաժեշտություն կա»,- նշել է Զարուհի Բաթոյանը՝ կարեւորելով 2023 թ. տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում նախանշված առաջնահերթություններ: Նրա տեղեկացմամբ 2023 թ. ներդրվել եւ գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ, որի ուղղությամբ իրականացվել են անձի ֆունկցիոնալությունը գնահատող բժիշկ մասնագետների վերապատրաստումներ: 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆունկցիոնալության գնահատում է անցել 11.109 անձ, հաշմանդամություն է սահմանվել 9.683 անձի նկատմամբ: Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման մասին՝ նախարարն անդրադարձել է համայնքահեն ծառայություններին, տնային խնամքի ընդլայնմանը վերաբերող ծրագրերին, դրանց իրազեկման աշխատանքներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համալիր ծրագրում կա երկու հիմնական ուղղություն. հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում եւ մշակութային իրավունքների խթանում ու ապահովում: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում մատչելիության եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միասնական մեխանիզմների, ժեստերի լեզվի լրացուցիչ կրթական ծրագրերի ներդրմանը: Նախարարը ներկայացրել է նաեւ թանգարաններում, գրադարաններում եւ ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի հիմունքներով իրականացվող ծրագրերը:

Համալիր ծրագրի շրջանակում 2023 թ. իրականացված աշխատանքներին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նա ներկայացրել է տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման ծառայությունների մասին:

Հասարակական արտադրական նշանակության շենք-շինությունների մատչելիության ապահովման ծրագրով իրականացված աշխատանքների մասին խոսել է  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Զեկուցողները շնորհակալություն են հայտնել նման ձեւաչափով քննարկում կազմակերպելու, հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար, որոնք օգնում են հետագա աշխատանքներն առավել արդյունավետ եւ թիրախային պլանավորելու համար: Նրանք պատասխանել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...