Տպել
23.04.2024
Մշտական հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը
1 / 18

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիմնական զեկուցողն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին եւ դրա նախապատմությանը: «Այո՛, բանակցություններ պետք է լինեն, այո՛, սահմանազատում պետք է լինի, որը պետք է լինի սահմանազատման հիմքը, ոչ թե վերջնական թուղթը: Ըստ մեզ՝ սահմանազատման հիմքը պետք է լինեն 1993 թվականի  փաստացի գործող սահմանները»,- ասել է զեկուցողը:

Հաջորդիվ պատգամավորն   անդրադարձել է   Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից  ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությանը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով, այո, վարչապետին իրավունք է տրվում  կազմել խորհրդակցական մարմիններ: Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը: Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Տարածքը դա այն տեղն է, այն  հողն է, որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ որի վրա Հայաստանն ունի տիտղոս: Հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,- ասել է Արթուր  Խաչատրյանը:

Նա նշել է, որ խմբակցությունն  առաջարկում է  ընդունել իրենց ներկայացրած ԱԺ հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:

«Սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում: Սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ: Սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով եւ հետո անցնեն սահմանագծման: Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը, եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակում, հաղորդակցության ուղիների նկատմամբ ամբողջական, միաժամանակյա ապաշրջափակում՝ ինքնիշխանության պահպանմամբ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ քննարկվող նախագիծն օրեր առաջ՝ ապրիլի 9-ին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ քննարկվել է փակ ձեւաչափով եւ այն կարող էր քվեարկվել առանց քննարկման: Հարակից զեկուցողը նշել է, որ այսօր  հնարավորություն է ընձեռվել  հայտարարության տեքստը քննարկել նաեւ հրապարակային:  «Հայտարարության նախագծով ընդդիմությունն ընդունում է, որ սահմանազատման իրավաքաղաքական  հիմքը պետք է լինի կամ  կարող է լինել ԱՊՀ անդամակցությունը: Սա լավ է: Սակայն բուն սահմանազատմանը վերաբերող պարբերության մեջ կա հետեւյալ նախադասությունը. «Երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման իրավաքաղաքական առաջնային հիմք համարվող ԱՊՀ անդամակցությունը հաշվի առնելով՝ որպես երկու երկրների սահմանազատման ելակետ պետք է դիտարկել Ադրբեջանական Հանրապետության՝ ԱՊՀ  պաշտոնական անդամակցման պահին՝ 24 սեպտեմբերի 1993 թվականին, փաստացի գործող (գոյություն ունեցող սահմանները), (հաստատված շփման գիծը)»: Ահա այս նախադասության պատճառով ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տա հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստ կրկին տանելու առաջարկին»,- պարզաբանել է Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ունի պետական սահման: «Այս նախադասությունն առաջարկում է հրաժարվել այդ  սահմանից եւ որպես ելման կետ ընդունել  1993 թ. շփման գիծը, կամ այսպես կոչված, փաստացի գործող սահմանը, ինչն ադրբեջանական խոսույթ է: Սա բացարձակապես անընդունելի է, եւ Հայաստանի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական  եւ ռազմական ռիսկեր է պարունակում»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքով եթե Հայաստանն սկսի պաշտպանել 1993 թվականի շփման գիծը, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայաստանի այն տարածքներից, որոնք 1993 թվականից մինչ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո:

Քննարկման ընթացքում իրենց իրարամերժ տեսակետներն են հայտնել ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորները:

Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել է, որ ներկայացված հայտարարության նախագիծն ընդհանրապես չի նպաստում Հայաստանի  կառավարության հռչակած խաղաղության գործընթացին, այն հակոտնյա է Հայաստանի Հանրապետության պետական շահերին:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԺ հայտարարության նախագծին:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...