National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.04.2024
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
1 / 3

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին:

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով:

Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե' ֆինանսական եւ թե' ռեսուրսների առումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am