Տպել
02.10.2006
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը, անհետաձգելի համարելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքումփոփոխություններ կատարելու մասին» նախագծերը, առաջարկել է ԱԺ  նախագահին ներառել ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում` մեկամսյա ժամկետում այն ամբողջությամբ ընդունելու պահանջով: Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ օրինագծի լրամշակված տարբերակում հաշվի են առնված թե պատգամավորների, թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչների առաջարկությունները:

Օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ, գերակա հանրային շահն է, որը գերակա է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից: Պարոն Հարությունյանը նշեց, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատերերին տրվելիք համարժեք փոխհատուցման չափ է օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Հասարակության եւ պետության կարիքը կարող է համարվել բացառիկ, գերակա հանրային շահ, եթե դրա իրագործումը սկսվելու է սեփականության օտարման մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության: Եթե ձեռքբերողը պետությունն է, ապա կառավարությանը սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության ուսումնասիրության դիմում կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, իսկ եթե ձեռքբերողը պետությունը չէ` պետական կառավարման մարմնի միջոցով: Նախարարը տեղեկացրեց, որ նախագծում նախատեսված են սեփականատիրոջ եւ գույք ձեռքբերողի փոխհարաբերությունների պայմանագրային հիմունքներով կարգավորմանը խթանող դրույթներ: Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ սեփականության օտարման մասին կառավարության որոշմանը, օտարումը դատական կարգով իրականացնելու գործընթացին, սեփականատիրոջ իրավունքներին, անցումային դրույթներին եւ այլն:

ԱԺ պատգամավորներն հանդես եկան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ, որին հանձնաժողովը կողմ քվեարկեց: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ հողային ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրինագծերը ընդգրկել ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:


02.10.2006
Ազգային ժողովի նիստում` բնապահպանական խնդիրներ
Հոկտեմբերի 2-ի` Ազգային ժողովի քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին ԱԺ որոշման եւ հոկտեմբերի 2-5-ի նիստերի օրակարգի քննարկմամբ: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ մերժեցին «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը Ազ...

02.10.2006
Լատվիայի Հանրապետության դեսպանը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լատվիական միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրների միջխորհրդարանական լավ հարաբերությունները զար...