Տպել
27.03.2024
Կարեւորում եմ քաղհասարակության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի Բաթոյան
1 / 5

Աշխատավայրում գենդերային հավասարության խթանմանն ուղղված ՀՀ ջանքերը վերջին տարիներին առավել տեսանելի են, սակայն չնայած այդ ջանքերին` աշխատանքային հարաբերություններում շարունակվում են արձանագրվել գենդերային խտրականության դրսեւորումները. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մարտի 27-ին կայացած «Կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսեւորումներն աշխատանքային հարաբերություններում Հայաստանում» հետազոտության հանրային ներկայացման ժամանակ:

Հետազոտությունն իրականացվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից` «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են Կառավարության, Ազգային ժողովի, Գործատուների միավորման, արհմիությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման իր խոսքում Զարուհի Բաթոյանը նշել է. «ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համար շատ կարեւոր է համագործակցությունը կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, եւ սա այն մշտական գործընթացն է, որից մենք` պատգամավորներս, մշտապես փորձում ենք տեղեկություն քաղել, որպեսզի կարողանանք մեր քաղաքականությունն իրականացնել կարիքների հիման վրա: ՀՀ կառավարության համար շատ կարեւոր է կանանց տնտեսական հզորացումը, ներգրավումը տնտեսական կյանքին եւ հավասար հնարավորությունների ստեղծումը, ուստի քաղաքականությունների իմաստով մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, պարզապես կարեւոր է շահառուներից, ոլորտից քաղել այն տեղեկատվությունը, որոնք մեզ կօգնեն հասկանալու, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ եւ հասնել մեր նպատակներին: Այս իմաստով կարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը եւ հետեւողական աշխատանքը»: 
  
Զարուհի Բաթոյանը նաեւ հիշեցրել է, որ Ազգային ժողովը 2023 թվականին Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն է իրականացրել` սահմանելով նաեւ սեռական ոտնձգության արգելքը, որը հիմնականում ուղղված է աշխատանքային հարաբերություններում կանանց պաշտպանությանը:

«Բայց մենք դեռեւս նոր փոփոխությունների եւ օրենսդրության բարելավման կարիք ունենք, եւ հույս ունեմ, որ ոլորտի կազմակերպություններն իրենց փորձագիտական աջակցությունը կունենան այս գործընթացում»,- ընգծել է պատգամավորը: