Տպել
26.03.2024
Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
1 / 1

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ  է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:

«Հարգելի' գործընկերներ,

Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ մահվան, ավելի քան 120.000 հայ` գրեթե ամբողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջեւ, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետեւում Հայաստանից եւ վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստանում անցկացրած իմ մանկության հիշողությունները: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն եւ խոր կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել եւ կառուցել են իրենց կյանքն այս տարածաշրջանում` ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:

Չնայած դժվարություններին` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել եւ առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել` կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ եւ թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ` ապահովելու նրանց իրավունքների հարգանքը եւ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ` իրենց տները վերադառնալու ու այնտեղ ապրելու իրավունքն արժանապատիվ եւ անվտանգ պայմաններում»: Տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:

Միջազգային պաշտպանության եւ երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության խթանման համար, եւ այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում: Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության եւ մարդու իրավունքների խնդիր է, այլեւ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման առաջխաղացման համար: Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության եւ իրավունքների ապահովման ուղղությամբ:

Շնորհակալություն»,- ասել է Լեւոն Քոչարյանը: 


26.03.2024
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. «Պարո՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչ...

26.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնեւում էր: Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը: Այցի մանրամասները՝ կից տեսանյութում: ...

26.03.2024
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները
Շատ հաճախ մեր քաղաքացիները բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում նիստերի, վարույթների երկարաձգումից: Այս ուղղությամբ 2023 թվականին իրականացված բարեփոխումները, իրոք, բեկումնային էին, որոնց մեծ մասն օրենսդրական բարեփոխումներն էին: Ներկայացնելով հաշվետու տարվա արդարադատության ոլորտում իր...

26.03.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների (COSAC) համաժողովին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Նախեւառաջ թույլ տվե...

26.03.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...